Յոթ տարածված մթերք, որոնք կարող են դառնալ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ

Բերանի խոռոչի տհաճ հոտը բավական հաճախ հանդիպող խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա՝ դառնալով բավական լուրջ բարդույթների զարգացման պատճառ։

Այս խնդիրը սովորաբար պայմանավորված է լինում բերանի խոռոչի սխալ հիգիենայով, սակայն որոշ դեպքերում տհաճ հոտի պատճառ են դառնում բերանի խոռոչի տարբեր հիվանդություններն ու աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները, ուստի խնդիրը քողարկելու կամ պարզապես տհաճ հոտից ազատվելու փոխարեն հարկավոր է առաջին հերթին ազատվել դրա պատճառը հանդիսացող գործոնից: Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ վատ հիգիենայից ու առողջական խնդիրներից բացի բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ կարող է դառնալ նաև սննդակարգում որոշակի մթերքի գործածությունը։

Մասնագետները ներկայացրել են առավել հաճախ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ հանդիսացող սննդամթերքի տեսակներն ու խնդրից խուսափելու ամենապարզ միջոցները։

Ցիտրուսային մրգեր

Բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ հանդիսացող սննդամթերքի տեսակների շարքին են դասվում ցիտրուսային մրգերը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս մրգերում պարունակվող բնական թթուները խթանում են բերանի խոռոչի տհաճ հոտ առաջացնող բակտերիաների ակտիվությունը։ Սակայն սա բնավ չի նշանակում, որ այս օգտակար մրգերից հարկավոր է հրաժարվել. պարզապես դրանց գործածությունից հետո հարկավոր է անպայման մաքուր ջրով ողողել բերանի խոռոչը։

Սպիտակուցային մթերք

Մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքով հարուստ սննդակարգը բերանի խոռոչի տհաճ հոտի հիմնական պատճառներից մեկն է։ Սա պայմանավորված է նրանով, որ բերանի խոռոչում գտնվող բակտերիաները սնվում են սննդի մեջ պարունակվող սպիտակուցներով և ամոնիակ արտազատում, ինչն էլ դառնում է տհաճ հոտի պատճառ։ Մասնագետների խոսքով՝ սպիտակուցներով հարուստ մթերքի գործածության դեպքում հարկավոր է անպայման հիշել չափաբաժինների մասին։ Տհաճ հոտից խուսափելու համար հարկավոր է հիմնական ուտեստից հետո կանաչ թեյ խմել կամ մի փոքր սպանախ ուտել։

Տոմատի մածուկով սոուսներ

Բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ նաև սոուսները, որոնց պատրաստման համար կիրառվում է տոմատի մածուկ։ Այս մածուկները պարունակում են թթուներ, որոնք նպաստում են տհաճ հոտի պատճառ հանդիսացող բակտերիաների բազմացմանն ու տարածմանը։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է այդ սոուսներով ուտեստներն ուտելու ընթացքում պարբերաբար մի քանի կում մաքուր ջուր խմել։

Կաթնամթերք

Կաթը, պանիրը և կաթնամթերքի այլ տեսակները պարունակում են ամինաթթուներ, որոնք հիանալի սնունդ են հանդիսանում բերանի խոռոչի բակտերիաների համար։ Սա է պատճառը, որ տհաճ հոտից խուսափելու համար հարկավոր է կաթնամթերքի գործածությունից հետո նաև մաքուր ջուր խմել։

Գետնանուշի մածուկ

Իր հարուստ բաղադրության ու թանձության պատճառով գետնանուշի մածուկը շատ դժվար է տարրալուծվում թքի միջոցով, ինչի հետևանքով դրա մնացորդները կարող են ժամեր շարունակ մնալ բերանի խոռոչում՝ դառնալով հիանալի սնունդ սպիտակուցով սնվող և ամոնիակ արտազատող բակտերիաների համար։ Տհաճ հոտից խուսափելու համար հարկավոր է գետնանուշի մածուկ օգտագործելուց հետո անպայման լվանալ ատամները։

Ծովաբողկ

Այս մթերքը պարունակում է իզոտիոցիանատ` օրգանական միացություն, որը նախատեսված է բույսի արմատները վնասատուներից ու կենդանիներից պաշտպանելու համար։ Հենց այս նյութն էլ դառնում է բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ, սակայն դրանից կարելի է խուսափել անանուխի մի քանի տերև ուտելու դեպքում։

Սուրճ

Այս բուրավետ ու համեղ ըմպելիքը ևս կարող է դառնալ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ։ Բանն այն է, որ այն պարունակում է բնական ֆերմենտներ ու թթուներ, որոնք չորացնում են բերանի խոռոչի լորձաթաղանթը։ Սա թույլ է տալիս տհաճ հոտ արձակող բակտերիաներին կուտակվել և բազմանալ` հանգեցնելով նման խնդրի։ Նման դեպքերում տհաճ հոտից խուսափելու համար հարկավոր է սուրճից հետո անպայման մի բաժակ ջուր խմել։

Նյութի աղբյուրը` Food News