«Երգիչների համար պատվերով գործ չեմ անում». Սիսիան Սեփանյանը երաժշտական ալբոմ կթողարկի«Երգիչների համար պատվերով գործ չեմ անում». Սիսիան Սեփանյանը երաժշտական ալբոմ կթողարկի

Դերասան Սիսիան Սեփանյանը, ով այս շրջանում զբաղվածություն ունի «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, շուտով կներկայացնի իր գրած երաժշտություններից կազմված ալբոմ: Tert.am Life-ը նրա հետ զրուցել է նոր մասնագիտության, ուսանողական տարիների սխալների, սիրելի գրքերի, ֆիլմերի և անձնական կյանքի մասին:

Երկրորդ մասնագիտությունը

Ես երաժշտություն եմ գրում, ինչն արդեն դարձել է իմ երկրորդ մասնագիտությունը: Մասնագիտական կրթություն չունեմ, բայց գրում եմ ջազ, հիփ-հոփ ոճերի մեջ: Երգիչների համար պատվերով գործ չեմ անում: Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս կլինեն համագործակցություններ հայ կամ արտասահմանցի երգիչների հետ: Շուտով կունենամ ալբոմ, որը հասանելի կլինի օնլայն հարթակներում: Թիրախային լսարանս միայն հայերը չեն, այլ ամբողջ աշխարհը:

Դասեր եմ քաղել

Ուսանողական տարիներին արված սխալներն ու հաջողությունները մեծ դեր են խաղում մասնագիտության և կարիերայի մեջ: Դա այն ժամանակաշրջանն է, երբ դու սխալներ գործելու իրավունք ու ժամանակ ունես: Չպետք է վախենաս սխալվելուց, քանի որ հենց այդ ժամանակ ես փորձ ձեռք բերում: Ես շատ չեմ սխալվել, բայց այդ քիչ սխալներիցս ոչ թե հուսահատվել եմ, այլ դասեր քաղել: Եթե ուսանողական տարիքում չանես մասնագիտական այդ սխալները, հետո կանես: Ամեն դերասան ունի իր ուղին, որը կարող է և՛ բարդ, և՛ հեշտ լինել: Իմ ամենամեծ դժվարությունը խոսքն է եղել, քանի որ Թեհրանում եմ ապրել: Հայաստան գալուց հետո բարդ էր խոսքս շտկել ու փոխել, բայց ստացվեց:

Աշխատասիրությունն ամենակարևորն է

Դերասանի համար կարևոր է ունենալ ձայն, արտաքին տվյալներ, խարիզմա, բայց այդ ամենը դեռ չի նշանակում, որ լավ դերասան ես: Բացի այս ամենը պետք է տեխնիկա, որին տիրապետել սկսում ես ուսանողական տարիներին` աշխատասիրությամբ: Եթե տաղանդավոր ես, բայց աշխատասեր չես, հիմք չես ունենա: Լավ է, որ դերասանը ունենա տեսք, ձայն, ճաշակ, բայց աշխատասիրությունն ամենակարևոր ասպեկտներից է:

Կարող եմ Վռոնսկուն մարմնավորել

Իմ կուրսղեկը միշտ ասում էր, որ կարող եմ խաղալ «Աննա Կարենինա» վեպից երիտասարդ սպա Վռոնսկուն: Անկեղծ ասած, ինքս էլ ցանկություն եմ ունեցել մարմնավորել նրան, որպես դերասան, այդ կերպարում ինձ լավագույնս դրսևորելու բոլոր հնարավորություններն ունեմ:

Սխալ կարծրատիպ է

Չկա ինչ-որ գրող, ով իմ մասնագիտական մտածողության ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել: Սխալ կարծրատիպ կա, թե դերասանը պետք է ինչ-ինչ գրողների ստեղծագործություններ կարդա: Ցանկալի է, որ դասական գրականություն կարդաս, ինչն ուսանողական տարիներին դերասանն անում է: Իսկ Ստանիսլավսկու, Չեխովի ստեղծագործությունները, որոնք կարդում ենք, ինքս գիրք չեմ համարում: Դրանք մեխանիզմներ են, որոնցով սովորում ենք: Եթե խոսեմ ինձ առավել տպավորած գրքից, ապա Մարկեսի «100 տարվա մենություն» գիրքը մինչև օրս իմ կարդացած ամենատպավորիչ գիրքն է եղել:

 Խորհուրդ եմ տալիս..

Հենց այս պահին դիտում եմ գերմանական արտադրության «Մթություն» կոչվող սերիալը, որից ցնցված եմ, բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել, եթե ազատ ժամանակ ունենան: Ֆիլմեր անդադար դիտում եմ, վերջինը, որից տպավորվել եմ, եղել է «Վիվարիում» ֆիլմը: Մարտաֆիլմեր ավելի քիչ եմ դիտում, բայց, առհասարակ. սահմանափակումներ չեմ դնում իմ առջև, դիտում եմ ցանկացած ժանրի ֆիլմ, սերիալ:

Անձնականի մասին

Սիրտս ազատ է: Եթե այս պահին իմանայի, թե ինչը կարող է գրավել ինձ դիմացինի մեջ, կամուսնանայի այդ աղջկա հետ: Ինձ կարող է վանել, օրինակ, եթե աղջիկն անճաշակ լինի, բայց վանող հատկանիշներից շատ խոսել չեմ ուզում, որպեսզի երբ այդ աղջիկը հայտնվի, չփորձի արհեստականորեն չանել այն, ինչն ինձ դուրս չի գալիս: