Սուրճն ու թեյը կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը. գիտնականներ

Գիտնականների մի միջազգային խումբ պարզել է, որ օրական երկու և ավելի բաժակ թեյ կամ սուրճ օգտագործելը կարող է բարձրացնել թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է LiveScience պորտալը:

Գիտնականները վերլուծել են ասիացի ու ամերիկացի մոտ 1.2 միլիոն մարդու բժշկական տվյալներն ու 17 հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ չծխող ու օրական երկու և ավելի բաժակ սուրճ խմող որոշ մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձր է 41 տոկոսով, իսկ թեյի չծխող սիրահարների մոտ՝ 37 տոկոսով:

Ընդ որում, մարդու տարիքն ու ռասայական պատկանելությունն առանձնապես մեծ նշանակություն չեն ունենում: Անգամ նշանակություն չի ունենում այն փաստը, թե ինչ սուրճ է օգտագործում մարդը՝ կոֆեինով, թե առանց:

Գիտնականների խոսքով՝ անցկացված գիտական աշխատանքը պարզապես հետազոտություն է, այլ ոչ թե գիտափորձ, ուստի չի բացահայտում պատճառահետևանքային կապը: Նրանց կարծիքով՝ քաղցկեղի զարգացումն այս դեպքում կապված է ոչ թե օրգանիզմի վրա կոֆեինի ունեցած ազդեցության, այլ սուրճի հատիկների բովման բացասական հետևանքների հետ: Միևնույն ժամանակ հիվանդության զարգացման ու թեյի գործածության միջև կապը որևէ կերպ չի բացատրվում: