Ամերիկացի գիտնականները նշել են՝ որն է նիհարելու լավագույն միջոցը

Ջորջիայի Բժշկական քոլեջի գիտնականները հայտարարել են, որ նիհարել ցանկացողները պետք է կենտրոնանան ոչ թե ճարպային հյուսվածքների նվազեցման, այլ մկանների ամրապնդման վրա: Մասնագետների խոսքով՝ ճարպակալման ու ավելորդ քաշի ավելացման հետ ասոցացվող մի շարք խանգարումներ կապված են հենց մկանային համակարգի վիճակի վատացման հետ: Նման խանգարումների շարքին են դասվում ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունության նվազումը, մետաբոլիկ խանգարումները, շաքարային դիաբետն ու անոթային ախտաբանությունները:

Ինչպես գրում է Medicalxpress-ը, ամերիկացի գիտնականները վստահ են, որ մկանները մարզելն ու դրանք լավ մարզավիճակում պահելը կօգնի բարելավել սրտանոթային համակարգի առողջությունն ու նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի քաշի նվազմանը: Մասնագետները բացատրում են, որ լավ զարգացած մկաններն ավելի շատ թթվածին են օգտագործում և առհասարակ ավելի շատ էներգիա են վատնում, ինչն ստիպում է դրանց ակտիվ կերպով դուրս բերել արյան մեջ պարունակվող գլյուկոզան: Միևնույն ժամանակ մկանների վատ վիճակի հետևանքով նվազում է օրգանիզմի զգայունությունն ինսուլինի նկատմամբ՝ առաջացնելով խանգարումներ ախորժակի վերահսկման ու սննդի գործածության մեխանիզմներում, ինչպես նաև ներքին համակարգերի աշխատանքում:

«Մկանների վիճակից է կախված մետաբոլիկ հոմեոստազը, որը որոշում է մարդու զգայունությունն ինսուլինի նկատմամբ: Լավ մկանային զանգվածը կապված է ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման հետ, իսկ դա շատ կարևոր է շաքարային դիաբետի ու ճարպակալման կանխարգելման համար», — նշում են գիտնականները: