Դդմի սերմերի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Դդմի սերմերը բավական համեղ ու տարածված մթերք են, որոնք կիրառվում են և՛ որպես առանձին մթերք, և՛ որպես տարբեր ուտեստների բաղադրիչ, սակայն քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով են օժտված այս սերմերը: Գիտնականները ներկայացրել են մի քանի հետաքրքիր փաստ դդմի սերմերի օգտակարության մասին: Մասնագետների խոսքով՝ իրենց յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս սերմերը հատկապես օգտակար են հղի կանանց ու շաքարային դիաբետով հիվանդների համար:

Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, ինչի շնորհիվ դրական ազդեցություն են ունենում սրտամկանի աշխատանքի վրա, կարգավորում են զարկերակային ճնշումն ու նվազեցնում սրտամկանի ինֆարկտի վտանգը:

Այս սերմերից ստացվող յուղը դուրս է բերում օրգանիզմից «վատ» խոլեստերինը (ցածր խտության լիպոպրոտեիններ) և կուտակում «լավ» խոլեստերին (բարձր խտության լիպոպրոտեիններ): Բացի այդ, այս մթերքը պարունակում է օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներ, ցինկ ու հակաօքսիդանտներ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար:

Դդմի սերմերը շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր: Շատ կարևոր նշանակություն ունի նաև մագնեզիումը, որի շնորհիվ վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը նվազում է 33-34%-ով: Ավելին՝ այս հանքանյութն առողջ քնի համար անհրաժեշտ հիմնական տարրերից է, ուստի զարմանալի չէ, որ մեծ քանակությամբ մագնեզիումի շնորհիվ դդմի սերմերն օգնում են կարգավորել նաև քունը:

Ոչ պակաս կարևոր գործոն է դդմի սերմերի դրական ազդեցությունը միզապարկի վրա: Միևնույն ժամանակ այս մթերքը մեղմում է նաև շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ախտանշանները:

Դդմի սերմերը շատ օգտակար են անգամ հղիների համար: Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որն ազդում է ծննդաբերության հետ կապված մի շարք հորմոնների վրա:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org