«Աղջկաս առաջարկով Նոր տարին տանը չենք դիմավորի». Լուիզա Ղամբարյանի և դստեր ամանորյա ֆոտոշարքը (Photo)

2020-ի գալուն հաշված ժամեր են մնացել: Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ամանորն ընտանիքի հետ դիմավորելու է Դիլիջանում: Այս որոշումը նրանք կայացրել են դստեր՝ 14-ամյա Գաբիի առաջարկով:

Չնայած դերասանուհու ընտանիքին Ամանորի գիշերը տանը չի լինելու, նրանց տանը դեկտեմբերի սկզբից զարդարված էր տոնածառը: Դիլիջան մեկնելուց առաջ Լուիզան տոնական սեղան է պատրաստել իրենց տանը, որին դրել է չփչացող ուտեստներ՝ աղանդեր, քաղցրավենիք, գինի:

Մինչև Երևանից մեկնելը Լուիզան և դուստրը՝ Գաբին, Tert.am Life-ին հյուրընկալել են իրենց տանը, լուսանկարվել մեր տոնական ֆոտոշարքում և պատմել ինչպես Նոր տարվան պատրաստվելու, այնպես էլ իրենց հարաբերությունների մասին:

«Ամեն տարի նոր գույն ենք ընտրում տոնածառը զարդարելու համար: Գույները որոշում է Գաբին, քանի որ ավելի տեղեկացված է տարվա թրենդներից: Տոնական եղևնին, անպայման, միասին ենք զարդարում,- ասաց Լուիզան ու հավելեց, որ ամուսինը՝ Գեորգի Կիմիչը, չի մասնակցում այդ պատրաստություններին, բայց իրենք չեն նեղանում,- մեր հայրիկն այնքան հարցերի է մասնակցում, որ տոնածառ զարդարելուց զերծ մնալուց չենք դժգոհում»:

Գաբին էլ հավելեց, որ տոնածառը զարդարելուց հետո անհամբերությամբ սպասում են հայրիկի արձագանքին. «Մեզ ամենից շատ իր կարծիքն է հետաքրքրում, որովհետև մեր տան գլխավորն է: Վերջում գալիս է և տալիս իր գնահատականը: Հիմնականում գոհ է մնում: Այս տարի ասաց՝ վա՜յ, ինչ սիրուն եք զարդարել»:

Նոր տարին Դիլիջանում նշելու առաջարկը Գաբին է արել: Պարզվում է՝ նա չի սիրում տանը նշել Նոր տարին: «Փոքրուց սովոր եմ, որ Նոր տարուն տանը չենք լինում, երևի, 2 անգամ ենք տանը եղել: Նախորդ տարի տանն էինք, այս տարի հենց ես առաջարկեցի գնալ Դիլիջան»,- ասաց Գաբին, Լուիզան էլ հավելեց. «Սովորաբար, Գաբին շատ է սիրում տանը ժամանակ անցկացնել, հյուրեր ընդունել, ձգտում է շուտ գալ տուն, սակայն ինչ վերաբերում է Նոր տարուն, սիրում է դրսում նշել: Հետաքրքիր է, երևի, սովորություն է դարձել»:

Մայրիկն արդեն պատրաստել է աղջկա նվերը, Գաբին դեռ չի հասցրել նվեր պատրաստել: Նա նշեց, որ փոքր տարիքում իր ձեռքի աշխատանքներն էի նվիրում մայրիկին, հիմա գնումներ է անում: Փորձում է ընտրել այնպիսի իր, որը մայրիկին դուր կգա: «Մաման վստահում է իմ ճաշակին, ես էլ՝ իր»,- նկատեց Գաբին ու հավելեց, որ հագուստի ընտրության հարցում էլ միշտ խորհրդակցում են իրար հետ: